Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանում ընտրություն կանեն «սևի» ու «սպիտակի» միջև

Իրանում ընտրություն կանեն «սևի» ու «սպիտակի» միջև
19.05.2017 | 12:31

Այսօր Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Իրանը 12-րդ անգամ է նախագահ ընտրում, 1600 թեկնածուներից թույլ տրվեց միայն 6-ին մասնակցել ընտրություններին, սակայն ոմանք ինքնաբացարկ են ներկայացրել:
Փորձագետների կարծիքով` և՛ բարեփոխիչները, և՛ պահպանողականներն ընտրություններում ունեն հաջողության հնարավորություններ։ Երկու ճամբարներն էլ անում են ամեն ինչ՝ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար։
Հիմնական պայքարը, ինչպես նշում են փորձագետները, ընթանալու է Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի և կոշտ քաղաքականության կողմնակից Իբրահիմ Ռաիսիի միջև։ Իրանում ոմանք համարում են, որ սա «սևի» և «սպիտակի» միջև պայքար է, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ գլխանոց, իսկ Ռաիսին՝ սև։


Ո՞վ է Իբրահիմ Ռաիսին։ Նա պահպանողական հոգևոր ծառայող է, 56 տարեկան, սեյիդ, վերջինը մահմեդականների պատվավոր տիտղոս է, որին պատկանողները, հավատացյալ մահմեդականների պատկերացման համաձայն, սերում են Մուհամեդ մարգարեի տոհմից: Նա գիտնական-աստվածաբան է և կոշտ մեթոդների կողմնակից։ Ռաիսին հաջող իրավաբանական կարիերա է արել և 25 տարեկանում դարձել է Թեհրանի գլխավոր դատախազի տեղակալ։ 1988-ին նա եղել է այն չորս դատավորներից մեկը, որոնք գլխավորել են, այսպես կոչված, մահվան հանձնախմբերը։ Այդ հանձնախմբերը մահապատժի են դատապարտել ավելի քան 4000 քաղբանտարկյալների։


Համարվում է, որ Ռաիսիին աջակցում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Ռաիսիի անունը հազվադեպ են շոշափում երկրի պետական լրատվամիջոցները, փոխարենը նրա թեկնածությունը ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի իրանական սեգմենտում և Իրանի սահմաններից դուրս հեռարձակվող պարսկական հեռուստաալիքներում։
Ո՞վ է Հասան Ռոհանին։ Ռոհանիի քաղաքական բառապաշարի առանցքային բառը զսպվածությունն է։ Նա նախագահ է ընտրվել 2013-ին՝ խոստանալով վերջ դնել Իրանի միջազգային մեկուսացմանը և ստեղծել ազատ հասարակություն։ Երկու տարի անց Իրանի կառավարությունը պատմական համաձայնագիր է կնքում համաշխարհային վեց գերտերությունների հետ, ըստ որի, Իրանը համաձայնում է մասամբ կրճատել միջուկային ծրագիրը` իր նկատմամբ պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Նախընտրական շրջանում Ռոհանին ապավինել է բարեփոխիչների ուժերին՝ նախկին նախագահ Մուհամեդ Խաթամիի գլխավորությամբ։ Վերջինիս, ի դեպ, կառավարման տարիներին (1997-2005 թթ.) անվանում էին իրանական Գորբաչով։


Ռոհանին շիա բարձրաստիճան կրոնավոր է և քարոզիչ։ Տիրապետում է մի քանի լեզվի՝ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն։
Ինչո՞ւ են այս ընտրությունները կարևոր։ Իրանը Մերձավոր Արևելքում կարևոր խաղացող է։ Թեհրանը շարունակում է աշխատանքները միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի միջամտությունը Սիրիայում, վերջինիս նոր ալյանսը Ռուսաստանի հետ և Իրաքում շիա կառավարությանն աջակցելը շատ փորձագետների ենթադրել են տալիս, որ Իրանը տարածաշրջանում միաժամանակ կարող է և՛ վտանգ, և՛ շատ հարցերի լուծում տվող ուժ հանդիսանալ։
Իրանի հոգևոր առաջնորդը կարող է վերահսկել նախագահի գործունեությունը։ Իհարկե, նախագահը ազդեցիկ պաշտոն է, սակայն ոչ ոք չի վիճի երկրի հոգևոր առաջնորդի հետ, քանի որ վերջինիս ընդդիմանալը իրանցիների մոտ ընկալվում է իսլամի օրենքների դեմ քայլ։
Սակայն Իրանի ներկա առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին 80-ին մոտ է և վատառողջ, ինչն էլ հենց մեծացնում է նախագահական ընտրությունների կարևորությունը։ Ի՞նչ հարցեր են անհանգստացնում ընտրողներին։ Նախընտրական օրակարգի հիմնական հարցերից մեկը տնտեսությունն է։ Իրանին անհրաժեշտ են արտասահմանյան հսկայական ներդրումներ՝ արդյունաբերության, էներգետիկ և շինարարության ոլորտներում ծերացող ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մարդկանց անհանգստացնում է նաև գործազրկության մակարդակը, հարուստների և աղքատ բնակչության միջև ահագնացող անջրպետը։ Ռաիսին աշխատում է խաղալ հենց այդ հանգամանքի վրա՝ իրեն ներկայացնելով որպես չքավորների պաշտպան։


Իրանում առանցքային է նաև խոսքի և անձնական ազատությունների հարցը։ Այստեղ արգելափակված են Ֆեյսբուքը, Թվիթերը, Յութուբը։ Գործում են, սակայն, Telegram մեսինջերը և Instagram-ը։ Ռաիսին, ի տարբերություն Ռոհանիի, համարում է, որ դրանք նույնպես պետք է արգելափակվեն։ Պահպանողական թեկնածուն ցանկանում է նաև խստացնել հսկողությունը հագուստի նկատմամբ։
Ռաիսիի ընտրազանգվածը հիմնականում գյուղական շրջանի բնակիչներն ու սոցիալապես անապահով խավն են:


Ռոհանիին աջակցում են ուսանողները, կրթական ոլորտում ներգրավված անձինք, մտավորականները, տնտեսագետները: Գործող նախագահին հաջողվել է կատարել իր նախընտրական ծրագրերից մեկը՝ բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ: Սակայն նա չի իրագործել իր խոստումներից մյուսը` պատժամիջոցները հանելուց հետո այն գումարները, որոնք սառեցված են եվրոպական բանկերում, պետք է ապասառեցվեին, բերվեին Իրան՝ ուղղվելով տնտեսության զարգացմանը:
Իրանն ունի ընտրության իրավունք ունեցող մոտ 50 միլիոն քաղաքացի, և դժվար է կանխատեսել, թե ում կտան նրանք նախապատվությունը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ